ԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀ
Տերը Հին կտակարանում ասում է. «Իմ ժողովուրդը կորչում է գիտություն չունենալու պատճառով, որովհետև նրան սուտ հովիվները մոլորեցրին»: Այս տեսակետից Դավիթ Ալավկա որդու (12-րդ դար) կանոնները սրտամոտ մտերմությամբ ընտանիքն ու անհատին, ազգը և ողջ մարդկությունն առողջացնող կենդանի կյանքի գործնականություն ունեն` գիտությանը օժանդակող իմաստություններով. «Եթե կինը հղի է, թող չկենակցի մինչև երեխայի ծնվելը, քանի որ շատ ու շատ խեղումներ, որ լինում են երեխայի մարմնի վրա, հետևանք են հղիության և դաշտանի ժամանակամիջոցում ունեցած զուգավորության» (գլուխ 51): Իսկ երբ մենք` մարդու որդիներս, կուռք ենք դարձնում մեր ցանկությունը վայրենի սանձարձակությամբ կատարել, հաշվի չառնելով, որ մեր զավակ պտուղը վաղվա մեր սերունդն է լինելու, վաղվա մեր փառքն ու պատիվը, վաղվա տերը երկիր մոլորակի, պատճառ ենք դառնում բազում ցավերի, խեղումների և հիվանդությունների, որոնցով անխղճորեն տառապեցնում ենք մեր երեխաներին, դժոխային դարձնելով նրանց ճակատագրերը: Ապա և հետո քաղում ենք մեր ցանկությունը և տգիտությունը աստվածացնելու դառն ու անհանդուրժելի պտուղները, և այդ մանկանց մեծ մասը, լույս աշխարհ գալով, հանիրավի չարչարվելու խնդիրներ է ունենում ու տարաբախտ, անհաջողակ կյանք: Եթե խախտվում է հղիության ժամանակ չկենակցելու պատվիրանը, Ալավկա որդու միջոցով Աստծուց ապաշխարանք է սահմանվում լսող մարդկանց` մեկ շաբաթից սկսյալ մինչև քառասուն օր: Իսկ եթե սովորույթ դարձնեն այս պատվիրանը ոտնակոխել, մանավանդ քահանաները, ենթակա են լինում արդեն Աստծո դատապարտող նզովք-պատժին, հավելյալ նաև` պտղի նկատելի թե աննկատ խեղությունն է մնում, որպես խրատ ոտնելու վարձ:
Ընտանեկան խնդիրներում ճշմարտությունը ճանաչելու մեկ լայն քայլ է Դավթի առաքելությունը:
Կնոջ դաշտանի պատճառի ու նպատակի մասին քչերս կլինենք, որ լիարժեք, Տիրոջից հօգուտ սահմանված տեղեկություններ ունենանք, և մեր իմացությունը կնոջ դաշտանի մասին խեղ ու թերի է եղել, որպես թե միայն կնոջ մարմնից աղտեղի արյուն է դուրս գալիս: «Սակայն,- ճանաչելու միտք ունեցող ժողովրդին հետևյալ իմաստությունը ճանաչեցնում է Դավիթը,- դաշտանը չպետք է պիղծ բան համարել, քանի որ բնությունից է, իսկ քանի որ բնությունն ամբողջովին Աստծու ստեղծածն է, ուրեմն և նրա ստեղծածների մեջ արատավորություն չկա: Եվ այսպես, սրանով է սնվում մանուկը մոր արգանդի մեջ և սրանով է ապրում նաև ծնվելուց հետո, մինչև կրծքից կտրվելը: Կանացի բնությունից է, որ ամսեամիս նրա մեջ ավելացած այս արյունը մարմնից դուրս է հոսում 7 օրվա ընթացքում: Երբ կինը հղիանում է, և մանուկը մոր արգանդում կենդանություն է ստանում, մանկամայրը դրա` ամսեամիս արյան դուրս հոսելու կարիքը չունի, քանի որ նրանով է սնվում մանուկը մոր որովայնի մեջ: Այս պատճառով է հղիության ժամանակ դադարում արյունը: Նույնպես և ծննդաբերելուց հետո, քանի դեռ մանուկը ծծկեր է` մայրը դաշտան չի ունենում, որովհետև արյունը ինչպես փողի միջով իջնում է մոր ստինքների մեջ և փոխվում սպիտակ կաթի, որով սնվում է մանուկը: Երբ մանկանը կրծքից կտրում են` արյունը դառնում է իր նախկին բնույթին: Երբ հարուստ տան կանայք նորածիններին տալիս են ստնտուի և իրենք մանկանց կաթ չեն տալիս, ապա արյունը, ըստ բնության, շուտափույթ դուրս է հոսում»:
«Ինչո՞ւ է ամսեամիս լինում և տևում 7 օր: Քանի որ, ըստ լուսնային ամսի, բնության մեջ չորս անգամ յոթ օրով աճում է ավիշը. նույնպես և մարմնի բնության կարգն է նրա հետ աճել և նրա հետ նվազել, և այսպես` մարմնի նվազումը մեկ յոթնօրյակում ավարտվում և բնությունը պարզվում է: Օրենքը արգելում է այդ օրերին կնոջը մերձենալ, և ահա թե ինչու, օրինակի համար, հողագործը սերմը չի ցանում ջրաբուխ կամ տղմոտ և ցեխոտ հողի մեջ, որպեսզի ջրերի առատությունը չողողի և դուրս չհանի արտից սերմերը` դրանք անբույս դարձնելով: Այս օրինակում արտը կինն է և մշակը` տղամարդը, որ սերմում է:
Իսկ եթե սաղմը բռնի աղտոտ, վնասակար արյան մեջ, բեղմնավորված զանգվածի բնությունը կավերվի և չարաչար փորձանքներ առաջ կբերի, այն է` պիսակություն (սեռական վարակ), բորոտություն, շլություն, բնածին կուրություն, խեղումներ, ականջի ծռություն, ոտքի և ձեռքի հաշմություն, ավելորդ անդամներ ու գոյացումներ, որ հանդիպում են մարմնի վրա, ինչպես և ընկնավորություն ու անբուժելի այլ հիվանդություններ:
Այս բոլոր չարիքների պատճառով աստվածախոս օրենքները, մարգարեները, առաքյալները և վարդապետները տղամարդկանց արգելում են այդ ժամանակ մերձենալ կանանց: ՈՒստի, ով որ անկարգ ցանկությամբ մերձենա, պատասխանատու է այսպիսի չարիքների և իր երեխաներին սպանելու համար: ՈՒրեմն, եթե մեկն արհամարհի աստվածային այս պատվիրանը և այն ժամանակ մերձենա կնոջը, մահապարտ է և պոռնիկների շարքին է դասվում, լինի կին, թե տղամարդ» (գլուխ 67): Այնքան հստակ են Դավթի բացատրությունները, որ միայն այս հստակ ու պարզ գիտելիքներն ունենալով էլ կարելի է թե՛ ընտանեկան, թե՛ հասարակական բազմաթիվ դժբախտություններից փրկվել-ազատվել, եթե հսկենք մենք մեզ և մեր ցանկության կամակատարը դառնալուց հետ կանգնենք, ըստ աստվածային հստակ պատճառաբանված այն գիտությունների, որոնցով Դավիթն է խոսում: Իսկ «Մահապարտ է» ասելով, Դավիթը նկատի ունի մահապարտներին հասանելիք ծանր ապաշխարությունը, որպես հանցանքի կրճատման միջոց:
Իսկ երբ Դավիթ Լուսավորչի հիշատակած ծանր հիվանդություններն են հետևանք պատվիրանի խախտման և նույն այդ հիվանդները, փոխանակ Քրիստոսին դառնան, ինչպես Ավետարանում է պատմվում, թե նման հիվանդներին տանում էին Քրիստոսի մոտ և Նա բժշկում էր նրանց, ապա եթե այդ հիվանդներն են իրենց հերթին սրբորեն մերձեցման պատվիրանը շարունակում անարգել, ապա հիվանդի ժառանգներն առավել հիվանդ չե՞ն լինի: Բնականաբար: Սակայն Աստված մարդուն կամք է տվել ինքն իր ցանկության վրա հսկելով պատվիրան պահելու` հանուն թե՛ իր անդատապարտության, թե՛ վաղվա առողջ ժառանգների:
Նույն գլխում խնդիրն ավելի է մեկնում Դավիթը, թե ինչու է կնոջ արնահոսելու փուլը երեսուն օրով, թե երբ է ամուսնության հասակը և նպատակը, և թե ինչու վաթսուն տարեկանից վեր վայրենություն է դիտվում և վնասակար է ամուսնանալը, որովհետև կնոջ մոտ դաշտանադադար է սկսվում, իսկ տղամարդու սերմը պտղաբեր լինելուց սկսում է հանգչել: Նաև ընտանեկան կյանքն առավել առողջ ու զգուշությամբ բարին պահելու կարգ է, որ քրիստոնյան «տասը տարեկանից մեծ մանուկներին չպետք է քնեցնի իր անկողնում, այլ տեղավորի իրենից հեռու, մի առանձին տեղ: Այդպես և եղբայրներին և քույրերին, որպեսզի պղծություն չսովորեն»: Այսպես, գլուխ յոթանասուներկուսում հանձնարարում է Աստծո Հոգին` Դավիթ Լուսավորիչ վարդապետի միջոցով: Բնականաբար, ընտանեկան խնդիրները բազմաթիվ են. Դավիթն անդրադառնում է այն խնդիրներին, որոնք առավել արմատական են և համաժողովրդական ճանաչողության սուր կարիք ունեն:
Կանոն յոթանասունյոթը` ծննդաբերելու ժամանակ մահացող կանանց մասին է. «...Իսկ եթե մանուկը կենդանի է` թող ոչ ոք չհանդգնի նրան սպանել մոր կյանքի համար, թող մեռնի մայրը և ոչ` մանուկը: Եթե մոր համար մեկը սպանի մանկանը` թող ապաշխարի 10 տարի»: Այսպես, կանոններում շատ հարցեր ամուսինների հոգևոր և մարմնավոր բժշկությանն են վերաբերում: Ինձ` հիշյալ նյութի հեղինակին էլ է մտահոգել այն հարցը, թե երբ քրիստոնյա ծնողներ ունեցող մանուկն անմկրտել է մահանում, ի՞նչ վիճակի է արժանանում։ Այդ մասին լիովին բավարարող բացատրություն է տալիս Դավիթ Ալավկա որդին, թե` մանկանը որպես քրիստոնյայի են թաղում: Քչերս գիտենք, որ «արու զավակը արգանդում կենդանություն է ստանում քառասուն օրից, իսկ էգ զավակը` ութսուն օրից», այս խնդիրների մասին բացատրական բավարար գիտելիք ենք ստանում Դավիթ Իմաստունի քառասունչորսերորդ կանոնից. «Իսկ երեխայի չկնքված մեռնելու մասին (պատասխանը) այս է. թեպետ և անկատար է մեռնում, քանի որ լույսի ծնունդ չէ` ըստ Սուրբ Ավազանի, որով կատարվում է (մարդու) աստվածային ծնունդը, սակայն Աստծով ծնված քրիստոնյաների հոգուց և մարմնից ծնված երեխա է. այդ իսկ պատճառով նա մասամբ կնքված է և պետք է այդ բանի և նրա անմեղ հոգու համար խաչով և օրհնությամբ թաղել այս քրիստոնյային` մահացած քրիստոնյաների մոտ: Իսկ եթե մայրը երեխային մեռած ծնի և լինի արական սեռի, ինքն էլ` երկու-երեք ամսական, քանի որ երեխան շնչավորվում և կենդանություն է ստանում 40 օրից, ապա այդքան օրական լինելու մասին իմանալով մորից, երեխային պետք է թաղել գերեզմանի մեջ և գերեզմանը կնքել խաչով ու մի աղոթքով: Իսկ եթե որովայնում ձևավորված սաղմը մոտ մի ամսական լինի և պատահարից վիժի` արյունամած դոնդող է, թող հողը փորեն, տան վրան: Եթե երեխան իգական սեռի է և վիժում է 80 օրից առաջ` նույն կերպ թող հողի տակ տան, ծածկեն: Իսկ եթե մեռած ծնված երեխան երկու կամ երեք քառասուն օրից ավելի լինի, և քանի որ էգը շնչավորվում և կենդանություն է ստանում 80 օրից, ապա պետք է քրիստոնյային վայել գերեզման դնել և կնքել գերեզմանը խաչով և օրհնությամբ»:
Հայ ընտանիքի առողջ, բարեպաշտ գոյատևման և սրբության համար վիթխարի մի դեղատոմս է Դավթի կանոնագիրքը: Բնականաբար, շատերիս մեջ հարց է առաջանում, թե` չգիտեինք և մեր տգիտության պատճառով գուցե արդեն աններելի նման ախտ ու հանցանքների տեր ենք Աստծո և միմյանց առաջ, հապա ի՞նչ պիտի անենք: Այդժամ հարկ է մեզ դառնալ Քրիստոսին, որ ապաշխարություններով բժշկություն և մխիթարություն է մարդասիրում: Քրիստոսը Փրկիչն է Իրեն հավատացողների, այն ժամանակ, երբ խոստովանությամբ և ապաշխարություններով դիմում ենք Նրան: Եվ մարդն իրեն ուղեկից դարձնելով սուրբ Ավետարանի խրատ պատվիրանները և ավելացնելով լույսի բոլոր որդիների, նաև Դավիթ Իմաստունի հանձնարարած ապաշխարության բազմաթիվ զգուշություններ` գտնում է քավություն և բժշկություն, դարձի ճանապարհը` Իր Աստծուն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ